
Շանթ Հարությունյանը ողջունում է Հայկ Կյուրեղյանի արարքը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանն իր գործով դատական նիստի ընթացքում ասաց, որ ողջունում է Հայկ Կյուրեղյանի արարքը: Շ. Հարությունյանն ասաց, որ դա համարում է բողոքի դրսևորում, նրան համարում է իր պայքարի ընկեր, նա ճիշտ է արել, որ չի օգտագործել մարտական զենք: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը Շանթ Հարությունյանի և մյուսների գործով նախորդ դատական նիստի ժամանակ դրսում կրակել էր:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ գործով տուժողները դիմումներ են ուղարկել դատարան՝ նշելով, որ որոշակի պատճառաբանություններ են ներկայացրել և խնդրել հարգելի համարել իրենց բացակայությունը: Գործով ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասաց, որ բոլոր դատական նիստերին խիստ անհրաժեշտ է տուժողների ներկայությունը, քանի որ նրանց ցուցմունքներն են դրվել մեղադրանքի հիմքում, և այդ ցուցմունքները հակասում են ոչ միայն միմյանց, այլև գործի այլ ապացույցներին: Դատարանը որոշեց նիստը շարունակել տուժողների բացակայությամբ, նրանց պարտադիր հրավիրել դատարան՝ ցուցմունք տալու համար: Նշենք, որ քրեական գործում այժմ ներգրավված է 16 տուժող: