Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են
Այսօր Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալ Վահե Նիկոյանն ասաց, որ նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակով հուլիսի 1-ից նախատեսված սոցիալական ծառայությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում, ինչի արդյունքում նորմատիվներին համապատասխան սոցիալական ծառայության տարածքային բաժնի պետի աշխատավարձը կկազմի 256 600 դրամ, գլխավոր մասնագետինը՝ 181 900 դրամ, առաջատար մասնագետինը՝ 133 600 դրամ, առաջին կարգի մասնագետինը՝ 114 400 դրամ:
«Բարև Երևան» խմբակցության նախագահ Անահիտ Բախշյանն ասաց, որ Կառավարության այս որոշմամբ նախատեսված է նաև բարձրացնել կրթության ոլորտի աշխատավարձերը 13.9 տոկոսով, մասնավորապես՝ ուսուցիչների աշխատավարձը՝ 9 տոկոսով. «Պատվիրակված լիազորությունների մեջ էլ Երևանի քաղաքապետարանին այդ աշխատավարձի բարձրացումը նախատեսված չէ, ինչպե՞ս է ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու»:
Խոսելով կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի չափի մասին՝ քաղաքապետի առաջին տեղակալը հայտնեց, որ կա այդ խնդիրը և խնդիրը նախատեսված է ՀՀ-ի 2014 թվականի պետական բյուջեով. «Կրթության ոլորտում նույնպես նախատեսվում են աշխատավարձերի բարձրացում, քանի որ այդ գումարները նախատեսված են թե՛ պետական բյուջեով, թե՛ Երևան քաղաքի բյուջեում: Չկա հստակ որոշում 13.9, կամ 9 տոկոս բարձրացում, այլ կա Հայաստանի Հանրապետության բյուջեի բյուջետային ուղերձը: Արդեն իսկ նախապատրաստել ենք հաստիքացուցակները, որը հաստատում է Երևանի քաղաքապետը և ոչ թե ավագանին, և հուլիսի 1-ից, բնականաբար, դպրոցներում նույնպես կլինի աշխատավարձի բարձրացում»: