Բաժիններ՝

Տարոն Մարգարյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանին՝ վճարովի կայանատեղիների վերաբերյալ. tert.am

Tert.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ զրուցել է վճարովի ավտոկայանատեղիների թեմայի շուրջ, որին այսօր անդրադարձել էր ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասելով, թե այս «գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում»:

 – Պարո՛ն քաղաքապետ, ինչպե՞ս կմենաբանեք ՀՀ երկրորդ Նախագահի ձևակերպումները վճարովի ավտակայանատեղիների վերաբերյալ։

– Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երևան համայնքին վերապահված գործառույթ է և, հետևաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։ Սակայն դա չի նշանակում, որ օրենսդրության սահմաններում համայնքին վերապահված և քաղաքում իրականացվող բոլոր ծառայությունների մատուցումը պետք է կազմակերպվի և իրականացվի միայն ու միայն անմիջականորեն քաղաքապետարանի կողմից։

Տվյալ պարագայում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայության մատուցումը, մայրաքաղաքում իրականացվող մի շարք այլ ծառայությունների նման, մրցութային եղանակով պատվիրվել է մասնավոր կազմակերպության, իսկ քաղաքային բյուջե ամբողջությամբ մուտքագրված գումարներից վճարվում է մատուցված ծառայությունների դիմաց։

Օպերատորին մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող գումարները փոխկապակցվել են Երևան քաղաքի բյուջե հավաքագրվող գումարների հետ (տոկոսային հարաբերակցությամբ) ռիսկերը նվազեցնելու և հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու տրամաբանությամբ, թերևս այս պարագայում այն կարող էր լինել հստակ պայմանագրային գումար և ուղղակիորեն վճարվել մատուցված ծառայությունների դիմաց։

Հավաքագրված գումարները քաղաքի բարեկարգման ծրագրերին ուղղելու վերաբերյալ առաջարկները տրամաբանական են և ականջահաճո, սակայն այդ գումարներն առաջին հերթին պետք է ուղղվեն ծառայության կազմակերպման և հավաքագրման ծախսերը ծածկելու նպատակով: Իսկ թե որ չափն է շահավետ տրամադրել այդ ծառայությունների դիմաց, ապա այն կատարված ծախսերի ծախսածածկման և սահմանված դրույքաչափով հավաքագրված գումարների շրջանակում իրենից ներկայացնում է թվաբանական գործողության արդյունք և լիարժեք վերահսկելի գործընթաց է։

Չփորձելով հաշվապահական հաշվառման մակարդակում ներկայացնել օպերատորի շահութաբերության հարցը, կառաջարկենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ այս ծառայությունը ներկայումս ապահովում է բավարար շահութաբերություն, օգտվել օպերատորի հայտարարությունից և կատարված ներդրումների արժեքով ձեռք բերել կազմակարպության բաժնետոմսերն ամբողջությամբ և ստանալ ենթադրյալ գերշահույթները։

Այդուհանդերձ արձանագրենք, որ ծառայությունը Երևանի քաղաքապետարանի կողմից անմիջականորեն կազմակերպելու պարագայում նույնպես պետք է իրականացվեն ներկայումս կատարվող ծախսերը, իսկ ծառայությունների մատուցման օրվանից սկսած հավաքագրման ցուցանիշները խոսում են այն մասին, որ քաղաքապետարանը՝ ծառայությունը պատվիրելով մասնավոր կազմակերպությանը, առնվազն ներկայումս խուսափել է որոշակի վնասներից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս