«Ոչ մեկին վերապահված չէ պետության գումարները ծախսել աննպատակ և չարաշահումներ անել». Գագիկ Բեգլարյան (տեսանյութ)
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկվածության շրջանակն ընդլայնելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները բացառելու նպատակով, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կազմակերպել էր ճանաչողական այց, որին մասնակցեցին լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորեց «Հյուսիս-հարավ» ծրագրի վերաբերյալ անաչառ և ճշգրիտ տեղեկատվության տարածման և լուսաբանման ապահովումը:
«Կան մարդիկ, որոնք ինքնահաստատվում են՝ այս ծրագիրը վարկաբեկելով: Չեմ ուզում, որ այս ծրագրի հետ կապված լինեն անհեթեթ հայտարարություններ, քանի որ սա ոչ միայն ազգային, այլև պետական նշանակություն ունեցող ծրագիր է: Մենք աշխատելու ենք բաց և թափանցիկ։ Համոզվելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել մեզ և ստանալ ցանկացած հարցի պատասխան: Ոչ մեկին վերապահված չէ պետության գումարները ծախսել աննպատակ և չարաշահումներ անել »,- նշեց նախարարը:
Իսկ որպեսզի Ճանապարհի շինարարության վերաբերյալ այլևս սխալ մեկնաբանություններ ու անհիմն քննադատություններ չհնչեն, նախարարն առաջարկեց, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ կասկածներ ունեն ծրագրի վերաբերյալ, իրենց կողմից հրավիրված փորձագետների մասնակցությամբ դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Հյուսիս-հարավ» ԾԻԳ-ի մասնագետներին:
Այցի ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան իրենց հուզող ու հետաքրքրող ցանկացած հարց ուղղել ծրագրի պատասխանատուներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Նրանք այցելեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում կառուցվող Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներ, տեղում ծանոթացան կատարվող շինարարության ընթացքին, եղան բետոնի արտադրման գործարանում, Ագարակի հնավայրում, ուր ճանապարհահատվածի լայնացման առնչությամբ՝ հնագիտական պեղումներ են կատարվում:
Տրանսպորտի և կապի նախարարությունը շահագրգռված է, որպեսզի «Հյուսիս-հարավ» ծրագրի շինարարության ընթացքը բաց ու հասանելի լինի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Ուստի, ցանկացած հարցի սպառիչ պատասխան տալուց բացի, պարբերաբար կանցկացվեն նաև այցեր շինհրապարակներ, հանդիպումներ շինաշխատանքներում ներգրավված մասնագետների հետ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն