Բաժիններ՝

Նախագահական ընտրություններում կարևոր է յուրաքանչյուր ձայնը. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը արտասահմանում բնակվող Թուրքիայի բոլոր քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:

Էրդողանի խոսքերով` օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են նրանով, որ այս անգամ նախագհին ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ` հենց ժողովուրդը. «Նախագահական ընտրություններում կարևոր է յուրաքանչյուր ձայնը»:

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիայի ԿԸՀ-ը հրապարակել էր առաջիկա նախագահական ընտրությունների անցկացման գրաֆիկը: Փաստաթղթի համաձայն, նախընտրական շրջանը պաշտոնապես մեկնարկելու է հունիսի 29-ին: Նախագահի թեկնածուները գրանցման համար հայտեր կարող են ներկայացնել մինչև հուլիսի 3-ի ժամը 17.00-ը:

Գրանցումն անցած նախագահի թեկնածուների ցուցակը հրապարակվելու է հուլիսի 8-ին, իսկ վերջնական ցուցակը Պաշտոնաթերթում (Resmi Gazete) կհրապարակվի հուլիսի 11-ին: Դրանից անմիջապես անց կմեկնարկի նախընտրական կամպանիան, որը կավարտվի օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ին:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի օգոստոսի 10-ին: Դրանում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի քվեների 51 տոկոսը: Հնարավոր երկրորդ փուլն անցկացվելու է օգոստոսի 24-ին: Թուրքիայում առաջին անգամ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը:

Արտասահմանաբնակ Թուրքիայի քաղաքացիները նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությանը կմասնակցեն հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հնարավոր երկրորդ փուլի դեպքում՝ օգոստոսի 17-20-ին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս