Պորոշենկոն հայտարարել է «Բ» պլանի առկայության մասին
ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի իշխանություններն այսօր ունեն բավականաչափ ուժ ու քաղաքական կամք, որպեսզի վճռորոշ հարված հասցնեն ապօրինի զինված զորամիավորումներին: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի տարածած հայտարարության մեջ:
Պորոշենկոն հաստատել է, որ հավատարիմ է Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ ավելի վաղ մշակված պլանին և կոնկրետացրել է այդ պլանի շրջանակներում մի շարք նախաձեռնություններ:
Պորոշենկոն մասնավորապես զգուշացրել է, որ ավելի վաղ մինչև հունիսի 27-ը հայտարարված հրադադարը չի նշանակում, թե ուկրաինացի զինծառայողներին արգելվել է կրակել ի պատասխան. «Զինյալների կողմից հարձակման յուրաքանչյուր փորձերը կստանան արժանի պատասխան»:
Պորոշենկոն խոստացել է առաջիկա օրերին Գերագույն ռադային ներկայացրել այն օրինագիծը, որում առաջարկվում է քրեական պատասխանատվության չենթարկել ապօրինի զինված միավորների այն անդամներին, որոնք չեն սպանել ուկրաինացի զինծառայողների ու խաղաղ բնակիչների:
Պորոշենկոն հայտարարել է, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն պատանդները: Պորոշենկոն կարծում է, որ ոչ թե միայն Դոնբասի, այլև` Ուկրաինայի բոլոր քաղաքների փողոցներում պետք է վերականգնվի կարգուկանոնը: Պորոշենկոն կոչ է արել վերականգնել տեղական իշխանական օրինական մարմինների գործունեությունը:
Պորոշենկոն զգուշացրել է, որ խաղաղ սցենարը «Ա» հիմնական պլանն է. «Սակայն նրանք, ովքեր հուսով են խաղաղության բանակցություններն օգտագործել միայն նրա համար, որպեսզի ժամանակ ձգձգեն, վերախմբավորեն ուժերը, պետք է իմանան, որ մենք ունենք նաև «Բ» մանրակրկիտ պլան: Ներկայումս ես չեմ խոսի դրա համար, որովհետև անկեղծորեն հավատում եմ, որ Ուկրաինայի վրա կտիրի խաղաղ երկինք»: