ՌԴ Հետաքննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Արսեն Ավակովի նկատմամբ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն միջազգային հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի և Դնեպրոպետրովսկի նահանգապետ, ձեռնարկատեր Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նրա խոսքերով` այդ անձինք մեղադրվում են մի շարք հանցանքներ կազմակերպելու մեջ, ինչի համար էլ հունիսի 18-ին քրեական գործ է հարուցվել նրանց նկատմամբ:
Խոսքը գնում է պատերազմ վարելու արգելված միջոցներ ու մեթոդներ կիրառելու, ծանր հանգամանքներում սպանությունների, լրագրողների արհեստավարժ գործունեությանը խոչընդոտելու և մարդկանց առևանգելու մասին:
Մարկինն ընդգծել է, որ Ավակովի ու Կոլոմոյսկու նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը գործում է Ինտերպոլի անդամ բոլոր երկրների տարածքներում: