4 տարի ազատազրկում՝ «Հայաթ» հյուրանոցային համալիրում կնոջը դանակահարելու համար
Առաջին ատյանի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել կնոջ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա կնոջ հետ ունեցած հեռախոսային խոսակցության ընթացքում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վեճից վրդովված՝ տանը միայնակ օգտագործել է մեծ քանակությամբ ոգելից խմիչք, հասել ալկոհոլային հարբածության, որից հետո հիշյալ վեճի առիթով կնոջը դանակահարելու մտադրությամբ տանից վերցրել է խոհանոցային դանակ և ուղևորվել վերջինիս աշխատավայր՝ «Հայաթ» հյուրանոցային համալիր, որտեղ դանակով մեկ անգամ հարվածել է նրան՝ լյարդը վնասել, ներքին արյունահոսության ձևով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտնել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանն ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ չի արձանագրել: Որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ դատարանը դիտել է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Դատարանը գտել է, որ կատարած արարքի համար ամբաստանյալ Ավետիս Մանուկյանը ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի, որը պետք է կրի: Դատարանի որոշմամբ՝ տղամարդը դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման: Տուժողի ներկայացրած քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: