«Մի պահ ես էլ նկատեցի նմանություն». Խոսրով Հարությունյանը՝ իր և դել Բոսկեի նմանության մասին
Ազգային ժողովի պատգամավոր, «Հանրապետական» խմբակցության անդամ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հետևում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին` որքան հնարավոր է, և ամենից շատ համակրում է Իտալիայի հավաքականին:
168.am-ի հետ զրույցում խոսելով Բրազիլիայում շարունակվող աշխարհի առաջնության մասին` Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր համար անակնկալ էր արդեն նախկին չեմպիոն Իսպանիայի հավաքականի` առաջնությունից դուրս մնալը, թեև միաժամանակ ավելացրեց, որ Իսպանիայի թիմի ֆուտբոլը երբեք իրեն չի հրապուրել:
«Ճիշտն ասած` առաջին խաղում շատ տպավորված էի Իտալիայի հավաքականի խաղով (հիշում եք` Իտալիան հաղթեց Անգլիային 2:1 հաշվով), և մեծ իմաստով իմ համակրանքը դեպի Իտալիան է, բայց երեկվա պարտությունը բավականին տխրեցրեց: Համոզված եմ` Իտալիա-Ուրուգվայի խաղը կլինի շատ սկզբունքային: Հուսով եմ` իտալացիներին, այդուհանդերձ, կհաջողվի հաղթահարել դժվարությունները»,- նշեց նա:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավարին ընդհանրապես իտալական ակումբների խաղն այդքան էլ դուր չի գալիս, բայց միշտ նա սիրել է Իտալիայի հավաքականի խաղը, բացի այդ` իրեն շատ է դուր գալիս բրազիլական ֆուտբոլը, բրազիլացիների` տեխնիկապես գրագետ, էսթետիկ խաղը, թեպետ այս մրցաշարում, իր բնորոշմամբ, «էսթետների»` բրազիլացիների հետ մեծ հույսեր չի կապում: Նա նաև դրական խոսեց առաջնության անակնկալներից մեկի` Կոստա Ռիկայի թիմի մասին` նշելով, որ Կոստա Ռիկան հաճելիորեն զարմացնում է: Մեր զրուցակիցը ցավում է նաև Կրիշտիանու Ռոնալդուի համար, և միայն հանուն նրա կուզենար, որ Պորտուգալիան ինչ-որ հաջողություն ունենար առաջնությունում:
Անդրադառնալով հարցին, թե ինչ կանխատեսումներ ունի, և ովքեր են, իր կարծիքով, աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդները, Խոսրով Հարությունյանը նշեց. «Իմ համակրանքը թողնելով Իտալացիներին` ամենահավանական ֆավորիտներ, այդուհանդերձ, համարում եմ գերմանացիներին, հոլանդացիներին և լատինաամերիկյան թիմերից՝ հավանաբար Բրազիլիային»:
Ըստ նրա` եզրափակչում կխաղան Գերմանիայի և հարավամերիկյան երկրներից մեկի հավաքականները:
Քանի որ Խոսրով Հարությունյանին մեր իրականության մեջ երբեմն արտաքնապես նմանեցնում են Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ, աշխարհահռչակ Վիսենտե դել Բոսկեի հետ, փորձեցինք պարզել նրա կարծիքը նաև այդ համեմատության մասին:
«Ճիշտն ասած` ինձ ասել են այդ մասին: Անկեղծ ասած` երբեք ուշադիր չեմ հետևել: Վերջերս` Իսպանիայի խաղի ժամանակ, մի պահ ես էլ նկատեցի նմանություն, ինչ մեղքս թաքցնեմ, բայց շա՜տ հեռու… Առանձնապես լուրջ չեմ վերաբերվում դրան,- պատասխանեց Խոսրով Հարությունյանը: -Իհարկե, կարելի է շոյվել այդ համեմատությունից, բայց դա լրիվ պատահականություն է: Գուցեև ընդհանուր դիմագծեր կան: Իսկ ընդհանրապես ես ցավում եմ դել Բոսկեի համար: Նա լավ մարզիչ է»: