Բաժիններ՝

Կուտակայինի օրինագիծն ընդունվեց 67 կողմ ձայներով. Ոչ իշխանական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում 20 րոպե ընդմիջումից հետո կրքերը էլ ավելի բորբոքվեցին և աղմուկ աղաղակները շարունակվեցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Կուտակայինի մասին օրինագիծը շատ արագ դրեց քվեարկության և 67 կողմ ձայնով այն ընդունվեց: Ինչպիսի արագությամբ որ օրինագիծը  քվեարկվեց, այդպիսի արագությամբ էլ քվեարկության պատկերն անջատվեց: Ընդդիմադիրներն ապարդյուն պահանջեցին պատկերը վերականգնել ու պահել:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կոչ արեց հարգել օրենքը. «Երբ ԱԺ պատգամավորը պահանջում է քվեարկությունից հետո պահել պատկերը, պետք է պահեք: Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտենք, տղամարդկությունն է, որ պահենք կարգը: Սենց շատ հեռու չենք գնա»:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը և դա օրենքով նախատեսված դիրքորոշում էր: Ըստ նրա՝ ԱԺ-ում անկախ պատգամավորենրի և ՀՀԿ-ականների թիվն ընդամենը 64 է: Նա հայտարարեց, որ առաջին օրվա քվեարկությունների խաթարման պատճառով երրորորդ ընթերցում չի կարող լինել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը բորբոքված հայտարարեց, որ եթե որոշ մարդիկ տեսողության խնդիր ունեն, պաա կան հիվանդանոցներ, կարող են գնալ ստուգվել. «Տաբլոն խնդրում եմ բացել, որ որևէ մեկը չզրպարտի: Եթե որևէ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, դրա համար տեղ կա, ես կարող եմ ապացուցել իմ տղամարդկությունը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավաչ Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե ավանտյուրաներով ու շանտաժներով չի կարելի հանրությանը ապակողմնորոշել: Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն կարող է հաշվապահի դեր տանել, և կոչ արեց օրինագիծը կրկին դնել քվեարկության և պատկերը պահել:

Չնայած գործընկերների կոչերին, Գ.Սահակյանը կրկնակի քվեարկություն չիրականացրեց և հայտարարեց, թե ամեն ինչ օրենքի շրջանակում է անում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քառյակի ուժերը և անկախ պատգամավորները դեմ են այս օրինագծին, բայց չեն քվեարկել, որ օրենքը չանցնի: Նա կրկին պահանջեց 20 րոպե ընդիմիջում, որ խմբակցությունները կարողանան քննարկել նիստում թույլ տրվող կանոնակարգի անընդհատ խախտումները:

«Դուք քաղաքական դաշտից դուրս եք եկել, մտել եք տեխնիկական դաշտ: Չի կարելի»,- ասաց Գ.Սահակյանը և շարունակեց քվեարկության դնել հաջորդ օրինագծերը:

Պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե այսքան նվաստացած չի եղել. «Մեր իրավունքի մեջ է 20 րոպե ընդմիջում վերցնելը, ինչո՞ւ չեք տալիս»:

«Դա իմ լիազորությունների շրջանակում է»,- հակադարձեց Սահակյանը:

Ա.Մինասյանը հայտարարեց, որ հասկանում է, որ շաբաթ օր է, ուզում են շուտ գնալ, բայց կոչ արեց հարգել օրենքը: Դիմելով Վ.Բաղդասարյանին՝ Մինասյանը ասաց. «Ավանտյուրիստը այն մարդն է, որ փորձում է վարկաբեկել մի ողջ խմբակցության…»: Բայց Գ.Սահակյանը չթողեց, որ նա ավատի իր խոսքն ու անջատեց խոսափողը:

Ա.Վարդանյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարին խորհուրդ տվեց հորդորներն իրեն պահել և պահպանել օրենքները: Նա նախազգուշացրեց, որ 10 տարի հետո ՀՀԿ-ն է ուրիշներին ասելու՝ պահպանեք օրենքները:

Ոչ իշխանական ուժերի պատգամավորները բոյկոտեցին և ՀՀԿ-ականների ծափերի ուղեկցությամբ լքեցին նիստերի դահլիճը:

ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի կոչին, որ 20 րոպե ընդմիջում տան, մինչև կրքերը հանդարտվեն, Գ.Սահակյանը պատասխանեց, թե այս պահին հնարավոր չէ 20 րոպե ընդմիջում տալ: Ըստ նրա՝ եթե այսօր օրինագիծը չընդունեն, նորից արտահերթ է լինելու:

Դահլիճը լքող ՀՀԿ-ականներին Գ.Սահակյանը նախազգուշացրեց. «Օրվա վերջում քվեարկություն է լինելու, տենց հախուռն մի գնացեք: Նիստից հետո կրկին արտահերթ նիստ կանենք 30 րոպե՝ օրինագծերի երրորդ ընթերցումն ապահովելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս