2001 թվականից համայն աշխարհում վթարի է ենթարկվել ամերիկյան ավելի քան 400 անօդաչու թռչող սարք
Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` 2001 թվականից սկսած, համայն աշխարհում գրանցված վթարների հետևանքով կորստյան է մատնվել ավելի քան 400 ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), ինչը վկայում է դրանց անհուսալիության մասին:
2001 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում կործանվել է 418 ԱԹՍ, ինչը գրեթե համարժեք է մարտական ինքնաթիռների հետռ գրանցված պատահարներին: Միևնույն ժամանակ ԱԹՍ-երն այդ ընթացքում թռչել են շատ ավելի քիչ և կատարել են բավական քիչ թվով առաքելություններ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ զինվորականները 194 ԱԹՍ-ի վթարը որակել են որպես «Ա» դասի վթար, ինչը նշանակում է, որ այդ ԱԹՍ-երն անվերադարձ կորստյան են մատնվել կամ էլ դրանց պատճառվել է ավելի քան 2 միլիոն դոլարի վնաս:
Դրանց կեսից քիչ ավելին գրանցվել է Աֆղանստանում ու Իրաքում, իսկ մեկ քառորդը` ԱՄՆ-ի տարածքում: Եվս 224 ԱԹՍ-ի վթարը որակվել է որպես «Բ» դասի վթար, երբ դրանց պատճառված վնասը կազմում է 500.000-2.000.000 դոլար: Զեկույցում նշված է, որ ԱԹՍ-երի վթարների հետևանքով որևէ մարդ չի զոհվել:
Վթարները հիմնականում գրանցվել են խոչընդոտները հայտնաբերելու ու հաղթահարելու հարցում ԱԹՍ-ի սահմանափակ կարողությունների, ինչպես նաև օպերատորների սխալների, մեխանիկական անսարքությունների, կապի համակարգի խափանման պատճառով: