Արամ Մանուկյանը կոչ արեց չքվեարկել «պարտադրված ախմախությանը»
Եթե անասունների վերաբերյալ օրինագիծը անհեթեթ է, բայց ոչ մեկին չի վնասի, կուտակայինի այս օրենքը վնասելու է շատերին: Նման տեսակետ այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն հավերժ չի մնալու իշխանության ղեկին. «Հանրապետականից շատ մարդիկ լինելու են եկող իշխանության մեջ՝ նրանք, ովքեր փողը չեն աստվածացրել, նրանք, ովքեր չեն կեղծել: Ինձ կարող եք արհամարհել, բայց չեք կարող հաշվի առնել: Բրյուսելից մինչև Աստանա խայտառակված եք արտաքին քաղաքականության առումով: Բոլորս գիտենք` ինչ վիճակ է ներդրումների առումով»:
Մանուկյանը կրկնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի և Աժ նախագահ Գալուստ Սահակյանի երեկ արտահայտած միտքը, թե «իշխանությունը թույլ չի տա ընդդիմությանը կործանելու երկիրը» և արձագանքեց՝ «մեղա քեզ, Տեր Աստված»:
«Երկիրը մերն է, նախագահը՝ ձերը: Երկրի ձեր նախագահի լեզվաշարադրականի մասին մի քանի բան ասեմ. օրենքի հին ու նորը չեն հասցրել համադրել և մի շարք անհամաձայնութուններ կան»,- նշեց Ա.Մանուկյանը՝ օրինակ բերելով՝ «կատարելուց չեն կարող հրաժարվել ՀՀ օրենքով նախատեսված հանրային ծառայողների վրա» և այլն, ու նկատելով, որ օրենքն ընդունելուց հետո դրա կետերի փոփոխության իրավունք չկա, ինչպես ընդունվեց, այդպես էլ մնալու է:
Մանուկյանը կոչ արեց չքվեարկել օրենքին, այլապես կստացվի «պարտադրված ախմախություն»: Հարցադրում անելով, թե ինչո՞ւ է հուլիսի 1-ը դրվել պարտադիր ժամկետ, Մանուկյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հրամանն է, որ պարտադիրը պետք է պահպանվի. «Ինչ ուզում եք արեք, սա դրսի պահանջն է: Մի՛ քվեարկեք այնպես, որ ծիծաղելի դառնաք: Եթե ընդունվի, ձեր վրա խնդալու են, մեզ էլ նվաստացնելու: Մի՛ կառչեք իշխանությունից, մի քիչ կամային հատկություններ ցուցաբերեք»: