Նոր կանոններ՝ զենքի վաճառքով զբաղվող խանութների համար
Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է, որ տեսաձայնագրություն իրականացնող սարքերը օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորություն պետք է ունենան:
Ըստ նախագծի՝ տեսաձայնագրող սարքը զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին. «Մյուս տեսաձայնագրող սարքը պետք է տեղադրված լինի անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված սրահում այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու առևտրի սրահում կատարվող գործողություններին: Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ»»:
Ներկայացնելով նախագիծը՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ նախագծի ընդունումը կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը: «Ճիշտ մոտեցում է»,- արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: