Սերգեյ Լավրովն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ-ի հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հանդիպել է երկրում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են դինամիկ ու հաջողությամբ: Ալիևը վստահություն է հայտնել, որ Լավրովի ներկայիս այցն իր ներդրումը կունենա երկու երկրների միջև կապերի հետագա ամարապնդման հարցում:

Իլհամ Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ և երկու երկրները հաջողությամբ համագործակցում են բոլոր ոլորտներում:

Ալիևը հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախորդ տարվա ադրբեջանական այցը ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ալիևը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ կապված ՄԱԿ ԱԽ-ի ընտրություններում իր թեկնածությանն աջակցելու համար:

Լավրովն Ալիևին փոխանցել է Պուտինի ողջույնները՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահը գոհունակությամբ է իր հիշում իր նախորդ տարվա ադրբեջանական այցը և Ալիևի հետ իր հանդիպումը:

Լավրովն ընդգծել է, որ կիսում է Իլհամ Ալիևի այն կարծիքը, որ երկու երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, որ տնտեսական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցությունը շարունակվում է հաջողությամբ: Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում են տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում:

Լավրովն ու Ալիևը քննարկել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը (Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նախորդ տարվա հանդիպումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը), Կասպից ծովի իրավական կարգավիճակը և մի շարք այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս