Ստամբուլ-Երևան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է. «ՀԺ»
«Նախօրեին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հետ զրույցում Թուրքիայում բնակվող հայազգի հայտնի գործարար, «Tower» ավիաուղիների սեփականատեր Տիգրան Ալթունը ասել է, որ Ստամբուլ-Երեւան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Վերջինս հայտնել է, որ շաբաթական 2 անգամ՝ կիրակի և չորեքշաբթի օրերին իրականցվող Ստամբուլ-Երևան ինքնաթիռի չվերթն այսուհետև կիրականացվի շաբաթվա մեջ մեկ անգամ՝ կիրակի օրերին: Ալթունը, նշելով, որ տոմսերի արժեքի փոփոխություն չեն նախատեսում, ասել է. «Մեր պահանջարկի 90%-ը Հայաստանից է:
Հիմնականում առեւտրի նպատակով եկողներ են: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունն է խնդիրներ ստեղծողը: Վերջին ժամանակներում գնացող-եկողների թիվը նվազել է»: Երեկ կապ հաստատեցինք Տիգրան Ալթունի հետ` պարզելու համար, թե ինչն է խնդիրը, եւ հնարավոր է թռիչքների կրճատումը շարունակական բնույթ ունենա:
Ալթունը մեր թղթակցի հետ զրույցում դժվարացել է ապագայի վերաբերյալ հստակ պատկեր ներկայացնել, միայն հայտնել է, որ ներկա դրությունը շատ լուրջ է եւ մտահոգիչ:
«Մեր հաճախորդների 90 տոկոսը մանր առեւտրով զբաղվողներն են, եւ եթե առաջ ամիսը մեկ անգամ էին Երեւան գալիս, հիմա այլեւս 3-4 ամիսը մեկ են գալիս, սա նշանակում է, որ իրենց տարած ապրանքները չեն կարողանում վաճառել եւ դրա համար էլ չեն գալիս:
Նրանք մեզ հետ զրույցում ասում են, որ փող չկա էլ ինչո՞ւ գան, երբ իրենց տարածը չեն կարողանում վաճառել, էլ ինչո՞ւ գան»,- «ՀԺ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Ալթունը՝ չցանկանալով կոնկրետանալ: Հայազգի գործարարը տեղեկացրել է, որ հաճախորդների քանակի նվազում սկսել է գրանցվել անցյալ տարվա հոկտեմբերից»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։