Ինչո՞ւ է Տավուշի մարզում գազը թանկ
tesankyun.am-ը գորւմ է. Տավուշի մարզի վարորդները բազմիցս դժգոհել են, որ Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 170-180 դրամով:
Նշենք, որ Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով:
Տավուշցի վարորդները նաեւ հայտնում են, որ Սեւանի ավազանում իրենց ավտոմեքենաները լիցքավորելու դեպքում իրենք ավելի երկար ճանապարհ են անցնում, քան Տավուշի մարզում նույն քանակի գազով ավտոմեքենան լիցքավորելու դեպքում:
Գուցե դա պայմանավորված է Սեւանի ավազանի սառը կլիմայով, երբ լիցքավորման ընթացքում գազը հասցնում է «նստել»:
Տավուշի մարզի տաքսի ծառայությունների վարորդները,ովքեր աշխատում են մարզից Երեւան եւ հակառակ երթուղիներով, սովորաբար իրենց ավտոմեքենաների գազալցավորումը կատարում են Սեւանի լցակայաններում: Հայաստանի տնտեսության մրցակցության հանձնաժողովը պետք է պարզի եւ հանրությանը ներկայացնի, թե ինչո՞ւ Տավուշի մարզի ավտոգազալցավորման կայաններում գազն ավելի թանկ է վաճառվում:
Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներն այլ մարզերում ապրողների համեմատ ավելի վճարունա՞կ են եւ կարո՞ղ են ավելի թանկ գազ գնել: