Համազեկուցողներ. ՀՀ-ն շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին, ովքեր փաստահավաք առաքելությամբ հունիսի 16-18-ը գտնվում են Հայաստանում:
Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողներին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: «Մենք կարևորում ենք ձեր գործադրած ջանքերը Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: ՀՀ-ն ոչ միայն ԵԽ ակտիվ անդամներից է և մասնակցում է կազմակերպության աշխատանքներին բոլոր մակարդակներում, այլև պատիվ է ունեցել 2013 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին նախագահելու ԵԽ նախարարների կոմիտեում: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ», – նշել է կառավարության ղեկավարը:
ԵԽԽՎ համազեկուցողները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություն մաղթել և փոխանցել Հայաստանի հարցով ԵԽԽՎ նախկին համազեկուցող Ջոն Պրեսկոտի ջերմ ողջույնները: Աքսել Ֆիշերը և Ալան Միլը բարձր են գնահատել ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները և ընդհանրապես մոնիթորինգի հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությունը:
«Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչը լավ ձեռքբերում է թե´ Հայաստանի, թե´ Եվրոպայի համար»,- ընդգծել են համազեկուցողները:
Հյուրերի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, սիրիական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար ՀՀ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրերը: Վարչապետն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, տարածաշրջանային իրավիճակին, հարևան երկրների հետ հարաբերություններին և ինտեգրացիոն գործընթացներին ՀՀ մասնակցությանը: Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտում ավելի բարձր մակարդակի առաջընթաց արձանագրելու նպատակով:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
ՀՀ կառավարություն