Թուրքիան «Ջաբհաթ ալ-Նուսրային» հանել է «Ալ-Քաիդայի» հետ կապված կազմակերպությունների շարքից

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Պաշտոնաթերթում այսօր տեղ գտած որոշման համաձայն, «Ջաբհաթ ալ-Նուսրան» ճանաչվել է որպես «Ալ-Քաիդայի» հետ կապ չունեցող, անկախ մի կազմակերպություն:

Դրանով իսկ Թուրքիայի կառավարությունը «Ջաբհաթ ալ-Նուսրային» հանել է Իրաքում «Ալ-Քաիդայի» հետ կապված կազմակերպությունների թվից: Չնայած դրան՝ «Ջաբհաթ ալ-Նուսրան» շարունակում է Թուրքիայի կողմից ճանաչվել որպես ահաբեկչական կազմակերպություն:

Թուրքիան հունիսի սկզբին էր նրան ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ կապված Թուրքիայի հարևան Սիրիայում նրա ծավալած գործունեության հետ:

«Ջաբհաթ ալ-Նուսրան» ստանձնել էր Սիրիական հակամարտության սկսվելուց հետո մինչև 2013 թվականի հունիսի սկիզբն այդ երկրում մահապարտ ահաբեկիչների իրականացրած 70 հարձակումներից 57-ի պատասխանատվությունը:

ԱՄՆ-ը նրան ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել 2012 թվականի դեկտեմբերին, իսկ ՄԱԿ-ը՝ 2013 թվականի մայիսին: Ինչ վերաբերում է «Լևանտում ու Իրաքում իսլամական ապետություն» խմբավորմանը, ապա Թուրքիան նախկինի նման շարունակում է նրան ճանաչել որպես «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս