«Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարն ամենից շատ նկատողությունների է արժանանում, սակայն դեռևս իր տեղում է: Հետաքրքիր է, ինչո՞ւ». Անահիտ Բախշյանը՝ Տարոն Մարգարյանին
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ նշում է, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն իր տեղում չէ, որ նա չի կատարում շրջանը բարեկարգելու ու կանաչապատելու աշխատանքային իր պարտականությունները։
Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«Դեռեւս սույն թվականի մարտի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանը պահանջեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարից կարգի բերել Օղակաձեւ զբոսայգին իր ողջ ծավալով եւ պատասխանատվության ենթարկել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր վարձակալած տարածքներում չեն կատարում իրենց պարտավորությունները:
Ավելացնեմ, որ այս հարցով մարտի 12-ին դիմել եմ ՁԵզ եւ մարտի 18-ի Ձեր պատասխանից ուղղակի մեջբերում եմ.
«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է, որպեսզի իրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար կամ լուծելու տարածքի վարձակալության պայմանագիրը»:
Այսօր՝ հունիսի 18-ին, Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածում՝ Վարդանանց փողոց հ.15/4 հասցեում գտնվող կիսակառույցի շրջակայքում, ոչինչ չի փոխվել, չնայած` կառուցապատող «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ՍՊ ընկերություններին 16.07.2013թ. տրվել է հ.01/18-34029-674 շինարարության նոր թույլտվություն, սակայն շինարարական աշխատանքները կառուցապատողի կողմից դեռեւս չեն վերսկսվել:
Եվ չնայած գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ոռոգման պատասխանատուները զեկուցում են, որ Երեւանը 100%-ով ապահովված է ոռոգման ջրով` այդ տարածքը անջուր է, անխնամ եւ բարդիների պուրակի ծառերը համարյա չորացել են: Ավելացնեմ, որ չորացող բարդիների տակ, նախկին «Նիկ» սրճարանի տարածքում, ինչ-որ ծածկեր են հայտնվել, որտեղ գործում է դեռեւս անհայտ սրճարան:
Ի դեպ, նույն վիճակում է Վարդանանց 32 հասցեի կիսակառույցը, որին կից մայթը արդեն փլվել է այդ կիսակառույցի պատճառով, եւ ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվում, չնայած` տրվել է շինարարության թույլտվություն:
Ոչ միայն Օղակաձեւ այգու, այլեւ Կենտրոնի մաքրությունը անչափ զիջում է Երեւանի մյուս վարչական շրջաններին, նշանակում է` Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարն իսկապես իր տեղում չէ ու պատահական չէ, որ գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ ամենից շատ բանավոր նկատողությունների ինքն է արժանանում, սակայն դեռեւս իր տեղում է: Հետաքրքիր է, ինչո՞ւ:
Խնդրում եմ ասել, թե ինչ է լինելու Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածում՝ Վարդանանց փողոց հ.15/4 հասցեում գտնվող կիսակառույցի ճակատագիրը, եթե 1 տարի առաջ տրված թույլտվության համաձայն շինարարական աշխատանքները կառուցապատողի կողմից դեռեւս չեն վերսկսվել: Ինչո՞ւ չի լուծարվում տարածքի վարձակալության պայմանագիրը, որպեսզի գոնե Երեւանի կանաչապատման գրասենյակը տիրություն անի այդ տարածքին:
Կից ներկայացնում եմ 17.06.2014 թվականին արված տարածքի լուսանկարները»: