Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հուլիսի կեսին
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան հայտարարել է, որ Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հուլիսի կեսին:
Նրա խոսքերով՝ դա կապված է հայցեր ներկայացնելու, ապա դրանց դիտարկման, ինչպես նաև համապատասխան դատական գործընթացների ժամկետների հետ. «Եթե հայցեր ներկայացվեն, ապա դրա համար անհրաժեշտ է ժամանակ: Այդ պատճառով էլ անկարելի է պաշտոնապես նշանակել երկրորդ փուլ»:
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների առաջին փուլն անցկացվել է հունիսի 15-ին: Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին իր հերթին հայտարարել է, որ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն առնչվելու է 21 օկրուգի, որոնցից միայն 6-ում է «Վրացական երազանք» դաշինքին դիմակայելու նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ ժողովուրդը ողջ Վրաստանում 1049 մեծամասնական մանդատից 811 մանդատը տվել է «Վրացական երազանքին», 128-ը՝ նախաձեռնող խմբերին և միայնը 64-ը՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: