
Ռուսաստանն անհավասարակշռություն է ստեղծում Հարավային Կովկասում. Բրայզա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում շարունակվում է ՆԱՏՕ ԽՎ-ի Rose Roth 86-րդ եռօրյա սեմինարը՝ նվիրված «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմային:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը ուժեղացնում են տարածաշրջանային ու էներգետիկ անվտանգության ինչպես նաև միջազգային ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հարցերով երկխոսությունը.
«Ադրբեջանը նախօրեին համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, ինչը նաախատեսում է իրավահավասար հարաբերություններ և այդ երկրի համար հումանիտար ոլորտի բոլոր նախագծերի մատչելիություն: Կա դեպի Եվրոպա TANAP ու TAP գազամուղերի անցկացման կոնկրետ գրաֆիկ, ինչն էլ ավելի կբարձրացնի պետական անկախությունը»:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Բրայզան իր անհամաձայնությունն է հայտնել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը. «Անկարելի է հապաղել Ղարաբաղյան հակամարտության հարցում, քանի որ այն արգելակում է տարածաշրջանի կարևոր նախագծերը և սպառնում է վերածվել 40-ամյա վաղեմություն ունեցող Կիպրոսի խնդրի համարժեքի:
Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն է Ռուսաստանի դիրքորոշումը՝ ուղղված տարածաշրջանում անհավասարակշռություն հաստատելուն: Իրանի հետ միասին նա ճնշում է Ադրբեջանին՝ ցանկանալով հեռացնել նրան եվրոպական տիրույթին ու եվրոպական արժեքներին ինտեգրվելուց»: