
Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով վաղը կմեկնի Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով (հունիսի 18-19) ժամանելու է Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վաղը Հավլաբարի նստավայրում տետ-ա-տետ հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո կողմերը մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Ապա Սարգսյանը Հերոսների հրապարակում ծաղկեպսակ կդնի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հուշահամալիրում, ինչպես նաև Թբիլիսիում կմասնակցի Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված համերգին: Սարգսյանն այցելելու է նաև Կախեթիի շրջան:
Սերժ Սարգսյանը վաղը երեկոյան հանդիպելու է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, իսկ հունիսի 19-ի առավոտյան՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են երկու երկրների համագործակցության առնչվող հարցեր: