Ուկրաինական պատվիրակությունը մեկնում է Եվրոպա՝ կապված գազի ռևերսային մատակարարումների հետ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ուկրաինական պատվիրակությունն այսօր երեկոյան մեկնելու է Եվրոպա՝ բանակցելու համար եվրոպական ընկերություններից գազի մատակարարման շուրջ: Այս մասին երեկ հայտարարել է «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը.
«Ուկրաինային ներկայումս առաջարկում են էժան գազ, ավելի էժան, քան 350 դոլարը: Խոսքը գնում է 1000 խորանարդ մետրի համար 320 դոլար գնի մասին: Դա առաջարկում են եվրոպական ընկերությունները, որոնք ունեն գազային ռեսուրս և պատրաստ են այն մատակարարել Ուկրաինային: Ներկայումս թերևս դա անելու ժամանակն է»:
Կոբոլևի խոսքերով՝ իրենք արդեն իսկ աշխատում են եվրոպական երկու ընկերության՝ գերմանական RWE-ի ու ֆրանսիական Gaz de France-ի հետ. «Եթե գերմանական ընկերությունը կարող է գազը գնել 300 դոլարով, հնարավոր է՝ իմաստ կա, որ գերմանական ընկերությունը գնի գազն ու պահի Ուկրաինայի գազապաստարաններում: Ինչո՞ւ պետք է «Նավթոգազը» գազ գնի 385 դոլարով, եթե մյուսները դա գնում են շատ ավելի էժան գնով»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ «Գազպրոմը» ուկրաինական կողմի համար առաջարկել էր 100 դոլարանոց գազային զեղչ՝ 1000 խորանարդ մետրի համար 385 դոլար, սակայն Ուկրաինան հրաժարվել էր դրանից: