Հունաստանը ճանաչվել է 2014 թվականին Եվրոպայի ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություն. Lonely Planet
Lonely Planet հրատարակչության փորձագետները կազմել են 2014 թվականին Եվրոպայում ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է Հունաստանը:
Lonely Planet-ը Եվրոպայի լավագույն ուղղությունների ցուցակը կազմել է` հենվելով զբոսաշրջային ոլորտի առաջատար փորձագետների (լրագրողներ, ճանապարհորդներ, ինդուստրիայի վերլուծաբաններ) շրջանում անցկացրած հարցման հիման վրա:
Փորձագետներին խնդրել են թվարկել այն վայրերը, որոնք առավել հետաքրքիր են պատմական, ճարտարապետական ու խորտկաճաշակության տեսանկյուններից: Նրանց իրավունք է տրվել ընտրել ինչպես բավական հայտնի, այնպես էլ` քիչ հայտնի վայրեր:
Վարկանիշային աղյուսակում ներառվել են ինչպես քաղաքներ ու մարզեր, այնպես էլ` ամբողջական երկրներ: 2014 թվականին ճանապարհորդելու համար Եվրոպայի 10 լավագույն ուղղություններն են.
- Հունաստան
- Լյուբլյանա, Սլովենիա
- Հարավ-արևմտյան Անգլիա
- Իտալիա
- Դանիա
- Սևիլիա, Իսպանիա
- Արտաքին Հեբրիդյան կղզիներ, Շոտլանդիա
- Պլզեն, Չեխիա
- Ստավանգեր, Նորվեգիա
- Թուլուզ, Ֆրանսիա
Lonely Planet-ի խմբագիրները Հունաստանի առաջատարությունը բացատրել են նրանով, որ 2013 թվականին այդ երկիր է այցելել ռեկորդային թվով` 20 միլիոն, զբոսաշրջիկներ:
Փորձագետները կարծում են, որ զբոսաշրջիկների շրջանում Հունաստանի առաջատարությունն աճելու է տնտեսական ճգնաժամից այդ երկրի դուրս գալուն զուգահեռ:
Մասնագետները ճանապարհորդներին խորհուրդ են տալիս ուշադրություն հատկացնել հունական Սանտորինի կղզու վրա: