
Վերջին երկու օրում Իրանից Իրաք է ներթափանցել 2000 զինվորական. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ` վերջին 48 ժամում Իրաքի տարածք է ներթափանցել առնվազն 2000 իրանցի զինծառայող: Թերթն այս հարցում վկայակոչում է իրաքցի բարձրաստիճան մի պաշտոնյայի, որի խոսքերով` 1500 իրանցի Իրաքի հետ սահմանը հատել է Խանակինա քաղաքի շրջանում, ևս 500 իրանցի զինվորական մտել է Վասիտ նահանգ:
Բացի այդ, իրանցի սպաները պատրաստ են ստանձնել Բաղդադի պաշտպանության ղեկավարումը: Մասնավորապես, Իրաքի մայրաքաղաք է ժամանել Իսլամական հեղափոխության պահակազորի էլիտար ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանին:
Թերթի տվյալներով` իրանցի զինվորականների մի մասը պաշտպանելու է Բաղդադից հյուսիս ընկած Սամարրա քաղաքը, ուր պահվում են շիաների համար սրբություններ: Զինյալները հարձակվում են քաղաքի վրա:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել իր հարևանմ Իրաքին: Ռոուհանին ընդգծել էր, որ Իրաքը նման խնդրանքով դեռ չի դիմել Իրանին: