
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է ռուսական գազ ներկրելու գաղափարից

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի կառավարությունը հրաժարվել է գազ ստանալու այլընտրանքային աղբյուրներ որոնելու մտադրությունից: Այս մասին ռուսական Коммерсант թերթին հայտնել է Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիկա Վալիշվիլին:
Նրա խոսքերով` Վրաստանի կառավարությունն արդեն իսկ դադարեցրել է ադրբեջանական գազին այլընտրանք փնտրելը և մոտ ժամանակներս պլանավորված չէ տվյալ գործընթացի վերսկսում.
«Տեսականորեն հնարավոր էր ստանալ ղազախական գազ, սակայն նրա վրա ազդեց ռուսական գործոնը, որն ամենայն հավանականությամբ դեռ երկար կմնա ուժի մեջ»: Դեռևս 2013 թվականի մայիսին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Վրաստանը մտադիր է փորձել դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները և չէր բացառել, որ այլընտրանք կարող է դառնալ նաև ռուսական գազը: