Բաժիններ՝

Մունդիալ 2014. Ինտերպոլը պայմանավորված խաղերի վերաբերյալ հետաքննություն չի անցկացնում

Ինտերպոլը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ հետաքննություն չի անցկացնում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պայմանավորված խաղերի առնչությամբ։ Ինտերպոլի բրազիլական բաժանմունքի ղեկավար Լուիս Էդուարդո Նավաժասը հերքել է այն տեղեկությունները, որ երկիր է գործուղվել հատուկ պատրաստված մասնագետների խումբ, որը պետք է զբաղվի հնարավոր պայմանավորված խաղերի հետաքննությամբ։

Հիշեցնենք, որ ինչպես գրել էին արևմտյան որոշ ԶԼՄ-ներ, Ինտերպոլի գլխավոր տնօրեն Ռոնալդ Նոուբլը հայտարարել էր. «Ինտերպոլը Բրազիլիա է ուղարկել հատուկ խումբ՝ ստուգելու համար, թե կա՞ արդյոք ընդհատակում գործող բուքմեքերական ընկերությունների կողմից պայմանավորված խաղեր անցկացնելու վտանգ»։ Նավաժասը հայտարարել է, որ լրագրողները սխալ են հասկացել այս խոսքերը և ավելացրել, որ Բրազիլիայի դաշնային ոստիկանության աշխատակիցները ոչ միայն ապահովում են 32 երկրների հավաքականների անվտանգությունը, այլև հետևում են, որ նման դեպքեր չլինեն։

Միևնույն ժամանակ, բրազիլական Ինտերպոլի ղեկավարը չի հերքել, որ աշխարհի առաջնության նախօրեին իրենց կազմակերպությունը հատուկ թրեյնինգ է անցկացրել տարբեր երկրների 80 ոստիկանների համար՝ ֆուտբոլային կոռուպցիայի թեմայով։ Ավելի ուշ ՖԻՖԱ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ այդ թրեյնինգը պայմանավորված չէ անցկացվող հետաքննություններով և կասկածներով, որ առկա են պայմանավորված խաղերի ռիսկեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս