Մկրտիչ Արզումանյան. «Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է»
Qahana.am կայքի հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր նախաձեռնություններին և որտեղի՞ց է գալիս այդ հավատքը՝ փորձեցինք պարզել անձամբ դերասանից:
– Եթե երբևիցե որևէ խնդրանք կամ սպասելիք եք ունենում, աղոթքով դիմո՞ւմ եք Աստծուն:
– Միշտ: Կարելի է ասել՝ այնպիսի օր չի լինում, որ աղոթքով Աստծուն չդիմեմ: Մտքերով հաճախ Աստծու հետ եմ:
– Կարո՞ղ եք հիշել մի դեպք, որ զգացել եք Աստծո ներկայությունը, օգնությունը:
– Նման դեպքեր շատ են եղել: Շատ ծանր պահերի, երբ դիմել եմ, Աստված օգնել է: Հիմնականում անձնական բնույթի դեպքեր են, չեմ ցանկանա մանրամասնել…
– Մկրտիչ, իսկ Ձեր կյանքում Հայ Առաքելական եկեղեցին ի՞նչ դեր, կարևորություն, նշանակություն ունի:
– Տատիկներս հաճախ էին եկեղեցում լինում: Այդ դաստիարակությունը նրանցից եմ ժառանգել: Այնպես որ իմ կյանքում եկեղեցին, հավատքը կարևոր բաղադրիչներ են:
– Հիմա դուք Ձեր ընտանիքն ունեք՝ կին, երեխաներ: Հաճա՞խ եք այցելում եկեղեցի:
– Անձամբ ես հաճախ եմ լինում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ ընտանիքիս հետ պարբերաբար Սաղմոսավանք ենք այցելում, որը դարձել է մեզ համար շատ հարազատ ու հաճելի վայր: Դա ուղղակի մեզ համար անհրաժեշտություն, ապրելակերպ է դարձել:
– Եկեղեցական տոներին ինչպե՞ս եք վերաբերում: Ունե՞ք սիրելի տոն:
– Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներն եմ շատ սիրում:
– Հին ժամանակներում սովորույթ է եղել այդ տոներին, ինչպես ամանորին, նվերներ մատուցել: Դուք նման սովորություն ունե՞ք:
– Ճիշտն ասած՝ չգիտեի, որ նվերներ են տալիս: Ավելի շատ շնորհավորում և շնորհավորանքներ եմ ստանում:
– Կհիշե՞ք, առաջին անգամ ե՞րբ եք եկեղեցի գնացել:
– Ես Գյումրիում եմ մեծացել: Շատ փոքր էի, բայց հիշում եմ, որ մայրս ու իր տատիկը ինձ միշտ պատարագների էին տանում: Իմ մեջ վառ տպավորություն է թողել եկեղեցու հոտը, պատերը, դռները, մինչև հիմա հիշում եմ…
– Իսկ հիմա պատարագներին մասնակցո՞ւմ եք:
– Ոչ հաճախ, բայց աշխատում եմ հնարավորինս ներկա լինել… Յուրահատուկ զգացումներ են առաջանում, ուժ է տալիս այդ ամենը ու մաքրում բացասական զգացողություններից, ինչն այսօր շատ է մեզ շրջապատում:
– Մկրտիչ, հավանաբար ծանոթ եք յոթ մահացու մեղքերին: Որի՞ց չի հաջողվում խուսափել:
– Շատ անկեղծ հարց եք տալիս: Հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում: Ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, ձգտում եմ մաքուր ու դրական լինել և՛ շփումներում, և՛ կյանքում…
– Իսկ պատվիրաններին հետևո՞ւմ եք:
– Չէի ցանկանա շինծու պատասխան հնչեցնել: Ամեն դեպքում, աշխատում եմ ամեն ինչ անել, որպեսզի պատվիրանները չխախտեմ: Թե ինչքանով է ստացվում՝ չեմ կարող ասել: Տպավորություն թող չստեղծվի, որ սուրբ եմ ու ապրում եմ պատվիրաններով:
Ուղղակի աշխատում եմ բոլորն էլ պահել ու դրական տպավորություն և ազդեցություն թողնել շրջապատիս վրա: Եթե դու հավատում ես ու աշխատում ես այնպես անել, որ ամեն ինչ ճիշտ լինի, բնականաբար պետք է հետևես պատվիրաններին: Եթե ուղղակի եկեղեցի գնաս ու ձևացնես, որ Աստծուն հավատում ես, դրանից ոչինչ չի փոխվի, պետք է հնարավորինս այդ հավատի մեջ ապրել…
Նելլի Մարգարյան