Ռոուհանին հայտարարել է, որ Օբամայի հետ շփվում է նամակների միջոցով
Իրանական İRİNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների միջև բանակցությունների համար կան բազմաթիվ պաշտոնական ու ոչ պաշտոնական խողովակներ.
«Եթե ես կամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում ենք քննարկել որևէ հարց, ապա մենք շփվում ենք նամակների օգնությամբ: Այդ հարցում չկա որևէ խոչընդոտ»: Ռոուհանին հերքել է այն տեղեկատվությունը, թե Օբաման կրոնական գործչի միջոցով հատուկ ուղերձ է հղել իրեն:
Ռոուհանին հայտարարել է, որ քանիցս նամակներ է փոխանակել ԱՄՆ նախագահի հետ: Ռոուհանիի խոսքերով` Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները ներկայումս «Վեցյակի» մյուս անդամների հետ շարունակում են քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցը: