Աննախադեպ ահազանգ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը վտանգի է ենթարկում ԵԱՀԿ դիտորդների կյանքը, որոնք շփման գծի դիտարկումներ են իրականացնում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի այդ հայտարարությունները շատ ուշագրավ են, նման հայտարարություն՝ դիտորդների կյանքին սպառնացող վտանգի մասին, կարծես թե երբեք չի հնչել:

Ինչն է խնդիրը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հայտարարում է դիտորդների կյանքին սպառնացող վտանգի մասին: Եթե սա ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին ուղղակի ահազանգ չէ, ապա, ըստ էության, կարող է հանդիսանալ արդեն «ձեռքերը լվանալու» ազդակ:

Այսինքն՝ Կասպրշիկի հայտարարությունը կարող է նշանակել, որ ԵԱՀԿ մոնիտորինգի ինստիտուտը լվանում է ձեռքերը հայ-ադրբեջանական շփման գծից և կողմերին թողնում է դեմ դիմաց:

Իսկ սա կարող է շատ հեռուն տանող հետևանքներ ունենալ, եթե վերածվի իսկապես առարկայական գործընթացի, այսինքն՝ եթե հարցն իսկապես առկա է օրակարգում և քննարկվում է ԵԱՀԿ շրջանակներում:

Հարկ է հիշեցնել, որ Կասպրշիկի հանդեպ ուշադրությունը վերջին օրերին հատկապես սրվեց նախիջևանյան միջադեպից հետո, երբ նրան հրավիրեցին Հայաստանի ՊՆ և ուղիղ հորդորեցին քայլեր ձեռնարկել սահմանային կայունության ուղղությամբ:

Սա ևս աննախադեպ քայլ էր հայկական կողմից, ինչը վկայում է այն մասին, որ Նախիջևանի ուղղությամբ կրակոցները ըստ էության հայկական կողմում էլ մեծ անհանգստություն էին առաջացրել:

Իսկ սա էլ իր հերթին գուցե վկայում է, որ ԵԱՀԿ-ն ըստ էության հայտնվել է խաղից դուրս մնալու վտանգի առաջ և այսպիսով փորձում է կա՛մ սահուն կերպով դուրս գալ խաղից, այսինքն՝ դեմքը պահելով և ցույց տալով, որ մտածում են դիտորդների անվտանգության մասին, կա՛մ էլ ԵԱՀԿ-ն այս խնդիրը նախաձեռնում է, որպեսզի կանխի դերակատարման հետագա նվազման գործընթացը և հակամարտության կողմերին ստիպի վերադառնալ ԵԱՀԿ կանոնակարգման և վերահսկման շրջանակ:

Այսպես, թե այնպես՝ ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդրում արձանագրվել է ուժերի հավասարակշռության էական տեղաշարժ ոչ միայն կողմերի դիրքավորման, այլ նաև ներգրավված միջնորդների մասով, և ԵԱՀԿ-ն առնվազն ազդարարում է իր կարևորության, իր կշռի նվազման միտումների մասին:

Եվ այս կոնտեքստում հատկապես հետաքրքրական է դառնում և Մոսկվայում Թուրքիայի արտգործնախարարի հավակնոտ հայտարարությունները ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի, Ռուսաստանի հետ «համատեղ կարգավորման» մասին:

Այս միտումները չեն կարող չանհանգստացնել Երևանին, քանի որ հակամարտության գործընթացում Երևանը երևի թե ամենաշահագրգռված սուբյեկտն է, Ստեփանակերտի հետ միասին՝ բնականաբար, որի համար ԵԱՀԿ ֆորմատը գրեթե անփոխարինելի է: Առավել ևս այսօր, երբ գրեթե կայացած փաստ է Հայաստանի ինքնիշխանության հանձնումը Ռուսաստանին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս