Իսլամիստ զինյալներն արդեն մարտեր են մղում Բաղդադից 50 կիլոմետր հեռավորության վրա
ВВС-ի փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիս-արևելքում ընկած Դիյալլահ նահանգում գրավել են ևս երկու քաղաք՝ Ջալաուլա և Սաուդիա: Դրանք պաշտպանող անվտանգության ուժերի ստորաբաժանումները փախուստի են դիմել իսլամականների մոտենալուն պես:
Ներկա դրությամբ իրաքյան բանակը մարտեր է մղում Բաակուբա քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 50 կիլոմետր հեռավորության վրա: Մարտ է ընթանում նաև Միկդադիա քաղաքի արվարձանում: Այս շաբաթ զինյալներին հաջողվել էր գրավել նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի հայրենի Տիկրիտն ու Մոսուլը:
Զինյալները սպառնում են շարժվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ, ինչը մտահոգություններ է առաջացնում՝ կապված Իրաքի երեք մասի (սուննի, շիա ու քրդական) բաժանվելու հնարավորության հետ: