Զինյալներն Իրաքի հյուսիսում առևանգել են Վրաստանի 16 քաղաքացու
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսում մի շարք խոշոր քաղաքներ գրաված զինյալներն առևանգել են Վրաստանի 16 քաղաքացու: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը:
Առևանգվածների ճակատագրի մասին տեղեկություններ չկան: Կոլվիլի խոսքերով՝ Իրաքում զինյալների ու կառավարական զորքերի միջև գրանցված բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է մի քանի հարյուրի:
Տեղեկություններ են ստացվում նաև իրավապահ մարմինների աշխատակիցների հանդեպ Լինչի դատաստան տեսնելու մասին: Զինյալների կողմից բռնաբարված կանանցից 4-ն ինքնասպանություն են գործել: Բացի այդ, զինյալները բանտերից ազատ են արձակել բազմաթիվ բանտարկյալների, որոնք այժմ փորձում են անձնական վրեժ լուծել իրենց դատավճիռը կայացրածներից: