Բաժիններ՝

ՀԱՀ-ում հայտնաբերվել է 122.5 կարատ քաշով երկնագույն ալմաստ

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի Կուլինան հանքավայրում հայտնաբերվել է 122.5 կարատ քաշով երկնագույն ալմաստ, որն իր մաքրության և այլ չափանիշների շնորհիվ կարող է համարվել երբևէ հայտնաբերված ալմաստներից ամենաարժեքավորը:

Կուլինան հանքավայրը 2008 թվականին գնած Petra Diamonds ընկերությունը հայտարարել է, որ այդ հազվագյուտ գտածոն հայտնաբերվել է այն բանից ընդամենը մեկ ամիս անց, ինչ 24 միլիոն դոլարով վաճառվեց 29.6 կարատ քաշով մեկ այլ երկնագույն ալմաստ, որը նույնպես հայտնաբերվել էր այդ հանքավայրում:

Ներկայումս հայտնաբերված ալմաստն իր առանձնահատկությունների շնորհիվ գնի հարցում կարող է գերազանցել անգամ նույն հանքավայրում հայտնաբերված 507 կարատ քաշով սպիտակ ալմաստը: Վերջինս 2010 թվականին վաճառվել է գրեթե 33 միլիոն դոլարով, ինչը ռեկորդային է ալմաստի գնի համար:

Petra Diamonds ընկերությունը ներկայումս զբաղված է հայտնաբերված քարի գնահատմամբ, ինչից հետո այն կհանվի վաճառքի: Շուկայում երկնագույն ալմաստները գնահատվում են ավելի թանկ, քան՝ սպիտակ ալմաստները: 1905 թվականին Կուլինան հանքավայրում հայտնաբերվել էր աշխարհի ամենախոշոր ալմաստը, որը կշռել է ավելի քան 3000 կարատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս