Ուկրաինան համաձայն է 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար վճարել 326 դոլար
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստ է սպառած գազի համար Ռուսաստանին վճարել 1.9 միլիարդ դոլար, եթե «Գազպրոմը» համաձայնվի 1000 խորանարդ մետր գազի գինը սահմանել 326 դոլար: Այս մասին Կիևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուկրաինայի Նավթոգազ» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
Նա մանրամասնել է, որ տվյալ գինն առաջարկել է ռուս-ուկրաինական գազային բանակցություններում միջնորդի դերում հանդես եկող Եվրահանձնաժողովը: Կոբոլևն ընդգծել է, որ 326 դոլարը միջին գին է՝ հաշվի առնելով, որ «Գազպրոմը» պահանջում է 385 դոլար, իսկ ուկրաինական կողմը՝ 268.5 դոլար:
Կոբոլևը հավելել է, որ 326 դոլարը շուկայական գին չէ, սակայն Ուկրաինան պատրաստ է ժամանակավորապես, ասենք 1.5 տարով, փոխզիջման գնալ: Կոբոլևը հույս է հայտնել, որ ռուսական գազի վերջնական գնի հարցը կորոշվի Ստոկհոլմի դատարանում: