Տուժողը՝ Նիկոլայ Բաղդասարյանին. «Երկու հոգու գլուխ է կերել, ո՞ւմ ես պաշտպանում»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով ապացույցների հետազոտումը: Դատարանում հրապարակվեց ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնին ուղարկված պահանջագիրը, որին ի պատասպան ոստիկանությունից հայտնել էին, որ Վարդան Պետրոսյանը նախկինում դատապարտված չի եղել:
Դատավոր Վաղիակ Մկրտչյանը հրապարակեց նաև «Արթմեդ» բժշկական կենտրոնից տրված տեեկանքը այն մասին, որ Վարդան Պետրոսյանը նոյեմբերի 6-ին տեղափոխվել է բժշկական կենտրոն, և մինչև նոյեմբերի 11-ը Վ. Պետրոսյանը չի կարող ցուցմունք տալ՝ իր վիճակի պատճառով: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ նոյեմբերի 8-ին իրենք բողոք են ներկայացրել դատարանին՝ նշելով, որ Վ. Պետրոսյանին չեն տրամադրվում փորձաքննություն նշանակելու մասին որոշումները: Ըստ Ն. Բաղդասարյանի՝ օրենքով Վ. Պետրոսյանին պետք է ծանոթացնեին փորձաքննություն նշանակելու մասին որոշումներին, սակայն քննիչ ու դատախազը մտածել են հոդվածի մեկնաբանել են, որ երբ անձը կասկածյալ է դառնում, նրան անմիջապես կարող են չտրամադրել փորձաքննություններ նշանակելու որոշումները:
Դրանք Վ. Պետրոսյանին չտրամադրելու հանգամանքը փաստաբանը բացատրեց նրանով, որ իրենք չէին կարող տեսնել՝ արդյոք դեպքի վայրի զննության արձանագրության մեջ արտացոլված եղե՞լ են «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի կողասահքի և «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի՝ 180 աստիճանով պտտվելու հետքերը:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ քննիչի ապօրինի գործողությունների արդյունքոմ Վարդան Պետրոսյանը հնարավորություն չի ունեցել ցուցմունք տալ և ոչ թե նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու: Ըստ նրա՝ Վ. Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու որոշման համար ինքն ու քննիչը պայմանավորվել են այլ ժամ, սակայն քննիչը Վ. Պետրոսյանի մոտ եկել է այլ ժամի, փորձել նրանից առանց իր ներկայության ցուցմունք վերցնել:
Ըստ փաստաբանի՝ Վ. Պետրոսյանը ցանկացել է ցուցմունք տալ այն մասին, որ վթարը տեղի է ունեցել բանուկ մասում: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ մեղադրյալից ցուցմունք չվերցնելը հին սովետական «տրյուկ է», երբ փորձաքննությունը նշանակվում է տուժողների ցուցմունքների հիման վրա: Ըստ փաստաբանի՝ դրա արդյունքում ստացվում է, որ փորձաքննության եզրակացությունը ֆիքսում է մեղադրյալի խախտում, սական երբ հետո վերջինս ցուցմունք է տալիս, ասում են, թե նրա ցուցմունքը հակասում է փորձաքննության եզրակացությանը:
Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, թե պատճառաբանություններն անհիմն են, Վարդան Պետրոսյանը «150 անգամ կարող էր ցուցմունք տալ»: Վթարի՝ բանուկ մասում լինելու մասին հայտարարությունը զայրացրեց գործով տուժող Արթուր Հակոբյանին: «Երկու հոգու գլուխ է կերել, ո՞ւմ ես պաշտպանում»,- ասաց տուժողը: