Այս տարի հրադադարի ռեժիմի խախտումներն ավելի են հաճախակիացել. Կասպրշիկ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ շփման գծում ու սահմանին հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումները վկայում են տարածաշրջանում մեծ լարվածության առկայության մասին.
«Յուրաքանչյուր մարդու մահն աղետ է ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար: Ես և իմ թիմը շարունակ դիտարկում ենք անցկացնում շփման գծում: Վերջին անգամ դրանք անցկացվել են մայիսի 19-ին ու հունիսի 10-ին: Այդ դիտարկումների արդյունքները համընկնում են այն պատկերի հետ, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում:
Սովորաբար միջադեպերը գրանցվում են մեկ վայրում, իսկ դրանց հետևանքով առաջացած լարվածությունը տարածվում է ողջ շփման գծի երկայնքով: Հրադադարի ռեժիմը շարունակում է մնալ ուժի մեջ:
Կողմերը պատասխանատու են հրադադարի ռեժիմի պահպանման ու չխախտման համար: Հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի պահպանումը կախված է երկու երկրների զինված ուժերի հրամանատարներից»:
Կասպրշիկի խոսքերով՝ ԵԱՀԿ-ի ղեկավարությունը, Մինսկի խմբի համանախագահներն ու անձամբ ինքը ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմի ամրապնդման ու շփման գծում միաջադեպերի քանակի նվազեցման ուղղությամբ. «Այդ ուղղությամբ պատրաստվել են որոշակի առաջարկներ և ներկայացվել են դիտարկման»:
Կասպրշիկն ընդգծել է, որ այս տարի ավելի են հաճախակիացել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու զոհերի գրանցվելը՝ համեմատած նախորդ տարվա հետ: