Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյան. Ես դեմ եմ այս օրենքին, որ «Փակ շուկայի» քանդման մեղքը օրենքի վզին չդնենք

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ նիստում, ներկայացնելով իր և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ համատեղ մշակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, հավաստիացրեց, թե առաջարկվող փոփոխությունների նպատակն է, որ հուշարձանների պահպանության ոլորտում օրենսդրական տարընթերցումներ չլինեն:

Մինչդեռ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դրանով սրբագրվելու է «Փակ շուկայի» հետ կատարվածը: Ըստ նրա՝ Հայաստանում հրեշավոր ապօրինություն է տեղի ունենում, հետո օրենքը փոխվում է, որպեսզի չկրկնվի: Փաշինյանը նշեց, որ «Փակ շուկայի» խեղման հետ կապված պատկան մարմիններն ընդունում են, որ տեղի է ունցել խախտում, դիմել են իրավապահներին, բայց ոչինչ չի ձեռնարկվել.

«Այս փոփոխությունն էլ հիմա անում եք, որ ասեք՝ «Փակ շուկայի» հետ տեղի ունեցածը օրենքի տարընթերցումների տեղիք է տվել: Չի եղել նման բան, ուղղակի ՀՀ-ում կան մարդիկ, որ վեր են օրենքից, կամ իրենց վրա չի տարածվում: Ու ինչպես էլ գրված լինի օրենքը, իրենց վրա էլի չի տարածվելու: Եթե Դուք գիտեք տարբերակ, որ օրենքը իրենց վրա տարածվի, ասեք: Ես դեմ եմ այս օրենքին, որ «Փակ շուկայի» քանդման մեղքը օրենքի վզին չդնենք»:

Ա.Հովհաննիսյանը փորձեց հակադարձել, թե «Փակ շուկայի» դեպքում տեղի է ունեցել փոփոխում, որը կոնվենցիայի հետ կապ չունի, իսկ այստեղ խոսվում է հուշարձանի տեղափոխման մասին. «Փոփոխման հետ կապված որևէ բան, այն էլ՝ հետին թվով, այս նախագիծը չի օրինականացնում»:

Կարդացեք նաև

Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ նախագծում ուրիշ խմբագրում է առաջարկվում փոփոխման մասով. «Տպավորություն է, թե Ձեր նախագծի հետ Դուք կապ չունեք: Հիշեցնեմ, որ այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել «Փակ շուկայի» հետ կապված հանրային ընդվզման պիկի ժամանակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս