Իրանի ԱԳՆ-ը Լորան Ֆաբիուսին մեղադրել է անիրատեսական պատկերացումներ ունենալու մեջ
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ անիրատեսական պատկերացումներ ունենալու մեջ:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ ֆրանսիացի նախարարի հայտարարությունները տեղի չեն և տպավորություն են ստեղծում, թե Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունները դեռ չեն էլ սկսվել.
«Մենք կցանկանայինք, որ բանակցությունների ժամանակ հստակեցվեին իրատեսական մոտեցումներ, որպեսզի հակառակ կողմը խուսափի ավելի վաղ հայտարարած պահանջներն ուռճացնելուց:
Պահանջների ուռճացումը չի ազդի Իրանի վճռականության վրա, ով պաշտպանելու է միջուկային ոլորտում իր իրավունքները: Բանակցություններին մասնակցող կողմերն իրազեկված են այդ մասին»:
Սրանից առաջ Ֆաբիուսը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ նախորդ 4 ամիսներին «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների ժամանակ կողմերը հաջողություն չեն գրանցել առանցքային խնդրի լուծման հարցում, թե Թեհրանը որքան ցենտրիֆուգ է պատրաստ ոչնչացնել իր տրամադրության տակ եղած 19.000 ցենտրիֆուգից:
Ֆաբիուսի խոսքերով՝ Արևմուտքի կարծում է, որ դրանց քանակը պետք է նվազեցվի մինչև մի քանի հարյուրի, մինչդեռ Իրանը պլանավորում է դրանց թիվը հասցնել մինչև 100.000-ի: