
Իրանն ու Թուրքիան ստեղծում են Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր թուրքական այցի արդյունքներով հայտարարել է, որ երկու երկրները համաձայնության են եկել Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծման շուրջ:
Լրագրողների հետ զրույցում Ռոուհանին հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է Իրան-Թուրքիա Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ, որն իրենում ներառում է երկու երկրների նախարարներին:
Ռոուհանին ընդգծել է, որ դրա նպատակը երկու երկրների միջև փոխգործակցության ուժեղացումն է և տարածաշրջանում քայլերի համակարգումը: Ռոուհանին հավելել է, որ իրենք քննարկել են նաև այդ խորհրդի նիստերի անցկացման կարգը, և որ այդ կառույցը կնպաստի հետագայում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի կրկնապատկմանը: