Այս վերաբերմունքը ուղղակի ցույց է տալիս, թե մենք մեզ որքան չենք հարգում. Աղվան Վարդանյան

«Խոսքը ինքներս մեր հանդեպ հարգանքին է վերաբերում, առաջին հերթին՝ հայոց լեզվին, պետական լեզվին, և չի կարելի թույլ տալ, որ ԱԺ-ում այդ օրենքը խախտվի: Եթե մենք ԱԺ-ում ենք խախտում, ցանկացած մեկը կարող է խախտել»,- 168.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով երեկ ԱԺ-ում Ռուսաստանի նախագահի տեսակետները քարոզող «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարությունը, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Ըստ նրա՝ երկրորդ խնդիրը վերաբերում է արարողակարգային ընդունելությանը, երբ ԱԺ-ի գլխավոր մուտքի դարպասները բացվում են, և ինչ-որ մեկը նման ընդունելության է արժանանում, մինչդեռ բոլորովին վերջերս ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ 10-12 պատգամավորների պատվիրակությունը պաշտոնական այցով Ռուսաստանում էր և 2.5 ժամ տևեց, մինչև օդանավակայանից հասան հյուրանոց. «Այս վերաբերմունքը և և պատվիրակությունների կարգը ուղղակի ցույց է տալիս, թե մենք մեզ որքան չենք հարգում կամ որքան ենք փորձում սիրաշահել այս դեպքում ռուս ինչ-որ մի լրագրողի կամ թեկուզ ղեկավարի: Գլխավորը սա է, այլապես այդ տեսակի մարդկանց պահվածքը, տեսակետները իրենց գործն է: Մենք պետք է թույլ չտանք և պարտադրենք հարգանք մեր հանդեպ»:

Դիտարկմանը, որ համարժեք արագանք չի եղել, Ա.Վարդանյանը պատասխանեց, որ ինքն անձամբ ներկա չի եղել այդ հանդիպմանը, բայց այն, ինչ տեսել է լրագրողների ներկայացմամբ, իսկապես, համարժեք արձագանք չի եղել. «Բայց միայն համարժեք արձագանքի խնդիրը չէ, մենք օր-օրի, կարծես, օդի մեջ սողացող բան կա, որ անընդհատ զիջում ենք մեր ինքնագնահատականը, մեր ինքնիշխանությունը, մեր արժանապատիվ կեցվածքը: Որքան էլ Հայաստանը փոքր պետություն է, որքան էլ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է, որքան էլ հազար թելերով կապած ենք, այդ թվում՝ մշակույթով, դա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է իրեն թույլ տալ այդպես խոսել հայ հանրության կամ հայ պաշտոնյաների հետ: Սա մինչև մենք չգիտակցենք, խնդիրը Կիսելյովը չի, խնդիրը մենք ենք, մենք պետք է պարտադենք հարգել մեզ՝ ինքներս մեզ հարգելով»:

Տեսանյութեր

Լրահոս