Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ քրեական գործ է հարուցված

Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում գտնվող, բժշկական թափոնների ոչնչացմամբ զբաղվող «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի շրջակայքում մեռելածին պտուղների և հղիության արհեստական վիժումների ընթացքում առաջացած պտղի մասերի հայտնաբերման դեպքերի առնչությամբ լրատվամիջոցներում եղած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անմիջապես մեկնել է Մասիս և տեղում, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի, ինչպես նաև շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, մանրամասն քննարկել խնդիրը։

Նախարարությունը դեռ 2014թ. մարտին վարչական վարույթ էր հարուցել «Առողջության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի կողմից բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ N2.1.3.3 սանիտարական կանոնների և նորմերի պահպանումն ուսումնասիրելու նպատակով։ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը հայտնաբերել էր, որ ամիսներ շարունակ տարբեր բուժհաստատություններից տեղափոխված բժշկական թափոնները կուտակվել էին բակում` չիրականացնելով դրանց վնասազերծումը, վարակազերծումը, կանոններով և նորմերով պահանջվող մյուս բոլոր գործողությունները, այդ թվում` ոչնչացումը։ Արձանագրված խախտումների մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։

Սակայն նոր հանգամանքների` մեռելածին պտուղների մասերի հայտնաբերման առիթով, նախարարն Արարատի մարզպետին միջնորդել է հետևողական չգտնվելու և հիվանդանոցի տարածքի նկատմամբ պատշաճ հսկողություն չսահմանելու համար աշխատանքից ազատել Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարին։
Դեպքի առնչությամբ նախարարության միջնորդությամբ դեռևս սույն թվականի մարտին քրեական գործ է հարուցվել։ Գործն ամբողջովին գտնվում է իրավապահ մարմինների տրամադրության տակ։

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս