
Մերկելը հրադադարի բացակայության պայմաններում անհնար է համարում Ուկրաինայում անհրաժեշտ բարեփոխումների իրագործումը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ուկրաինայում պլանավորված բարեփոխումների անցկացման համար անհրաժեշտ է ամբողջական հրադադարի հաստատում:
Մերկելը երեկ դիվանագիտական կորպուսի համար ավանդական ընդունելության ժամանակ հայտարարել է. «Մենք բոլորս ցանկանում ենք, որ այնտեղ դադարեն կրակոցները: Միայն դրանից հետո Ուկրաինայի նորընտիր նախագահը կարող է կենտրոնանալ անհրաժեշտ բարեփոխումների անցկացման վրա:
Պետք է անել ամեն հնարավոր բան, որպեսզի արդարացվեն նոր սկզբի հույսերը: Դրա համար անհրաժեշտ է իրավական պետության ամրապնդում ու մարդու իրավունքերի պահպանում, Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանում ու տնտեսական զարգացում»:
Գերմանիայի կանցլերը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսելու օգտին: Մերկելի խոսքերով՝ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որում ներառված են նաև Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան, ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Մերկելը կարևորել է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը: