
ՄԱԿ ԱԽ-ը դատապարտել է զինյալների կողմից Մոսուլի գրավումը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը դատապարտել է զինյալների կողմից Իրաքի Մոսուլ քաղաքի գրավումը և պահանջել է անհապաղ ազատ արձակել Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսության շենքում վերցված բոլոր պատանդներին:
ՄԱԿ ԱԽ-ի անդամները հաստատել են իրենց աջակցությունն Իրաքի կառավարությանն ու ժողովրդին և ընդգծել են, որ բռնության կամ ահաբեկչության որևէ ակտ չի կարող խաթարել Իրաքում ժողովրդավարության ու խաղաղության հաստատմանը:
ՄԱԿ ԱԽ-ը նաև ողջունել է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Բաղդադի պլանները: Երեկ Մոսուլում թուրք դիվանագետներին պատանդ վերցնելը դատապարտել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը. «Որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ ես ամենավճռական ձևով դատապարտում եմ դիվանագիտական աշխատակիցների դեմ այդ ահաբեկչությունը»:
Մունը խոստովանել է, որ իրեն ցնցել է Մոսուլի վրա հարձակումը՝ ընդգծելով, որ դիվանագետների ու քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչությունները չունեն արդարացումներ:
Բան Կի Մունն Իրաքի կառավարությանը, Մերձավոր Արևելքի երկրներին ու ողջ միջազգային հանրությանը կոչ է արել հասնել Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցների ազատ արձակմանն ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: