Ափսոս են երեխեքը
Վերջին շաբաթներին Հայաստանում ընթանում է պատերազմի աննկատ, քողարկված, անուղղակի քարոզչություն: Ինտենսիվ քարոզչություն: Քարոզչության բոլոր երևացող ու չերևացող կանոններով ու գործիքներով: Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպը, որի հետևանքով երկու հայ երիտասարդ զինվոր սպանվեց, ինչպես պարզվում է արդեն այսօր, ըստ էության, այդ քարոզչական կամպանիայի բաղկացուցիչն էր:
Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմից թույլ տրված «լեզվի սայթաքումն» այն մասին, որ «մենք կրակել ենք, նրանք էլ են կրակել» ոչ այլ ինչ է, քան պատերազմի քարոզչության բացահայտում, չափազանց վտանգավոր բացահայտում: Այն ավելի վտանգավոր է դառնում, երբ ռուսախոս այդ շտաբի պետին նման հայտարարությունից հետո ոչ թե պաշտոնանկ են անում, այլ ուղղակի հերքում են: Որովհետև հասկացողները հասկանում են Խաչատուրովի ասածն ու, որ ավելի կարևոր է, ու կարևոր լինելով ՝ավելի վտանգավոր է՝ ասելու դրդապատճառները: Ու շատ, միանգամայն պատահականորեն Խաչատուրովը նման հայտարարություն է անում ճիշտ նույն օրը, երբ Երևան ժամանած ռուսական քարոզչական դեսանտը Հայաստանի օրենսդիր մարմնում հակաամերիկյան, հակաարևմտյան ելույթներ է ունենում Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորների ոգևորված ներկայությամբ, ովքեր ուսմասվարին տեսած աշակերտի պես՝ ավելի գունեղ ելույթներ են ունենում «ամերիկյան չարիքի» մասին:
Խաչատուրովը նման հայտարարություններ է անում այն օրերին, երբ Ադրբեջանում սպասում են ինչպես՝ ռուսական, այնպես էլ՝ արևմտյան պատվիրակություններին, որոնք Բաքու են այցելում Ալիևին համոզելու համար, որ ընտրի իրենց առաջարկածը: Հասկանալի է՝ Ալիևը պոչ է խաղացնելու այնքան, մինչև կամ Ռուսաստանը, կամ Արևմուտքը վճարեն իր ցանկացած գինը, որը, նույնքան հասկանալի է, կարող է լինել առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղը:
«Վճարելու» տարբեր եղանակներ կան. փաստաթուղթ ստորագրելուց՝ մինչև «պայմանավորված պատերազմով տարածքների զիջում»: Հաշվի առնելով Ռուսաստանի քաղաքական, քաղաքակրթական «զինանոցը», որը սկսվում և ավարտվում է զենքով, դժվար չէ կռահել, թե որ տարբերակով կարող է Ռուսաստանը փոխհատուցել իր կողմից Հարավային Կովկասում ռազմավարական գործընկեր հռչակված Ադրբեջանին՝ Արևմուտքի հետ «խաղեր չտալու» և եվրասիականացման անշեղ ուղին ընտրելու համար:
Ու եթե սրան էլ գումարենք այն, թե ինչպիսի արագությամբ են ռուսական շատ որոշակի լրատվամիջոցներ տարածում հայ-ադրբեջանական սահմանին մարտական բախումների մասին ապատեղեկատվությունը, ու որքան քնքշորեն են ներկայացնում հայկական որոշակի շրջանակներից հնչող հայտարարությունները, թե՝ ուր որ է, հայկական զինված ուժերը լուրջ հարված են հասցնելու հակառակորդին, պատկերն ավելի ամբողջական կդառնա: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում բազմաթիվ պատճառներով հայ-ադրբեջանական ճակատում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին:
Իսկ եթե որևէ բան ձեռնտու է Ռուսաստանին, կարող է «աջակցել» դրա իրականացմանը: Ունա՞կ է արդյոք Հայաստանի իշխանությունը դիմադրելու պատերազմ սկսելու ռուսական պարտադրանքին: Այդ հարցի պատասխանը ստանալու համար ևս մեկ անգամ ընթերցեք և դիտեք Խաչատուրովի հայտարարությունները:
Պատասխանը, դժբախտաբար, բացասական է: Իսկ եթե դա այդպես է՝ ավելի ազնիվ ու ավելի բարոյական չէ՞ արդյոք Ռուսաստանին տալ այն, ինչ ցանկանում է: Առանց պատերազմի: Առանց երիտասարդ զոհերի:
Եթե Հայաստանը հրաժարվել է անկախության ու պետականության համար պայքարից, մի՞թե կարող է գտնվել որևէ հիմնավորում, որը կստիպի պատերազմել, որպեսզի «պարտությունը» բարոյապես ավելի ընդունելի լինի: Պետությունը կորցնելուց հետո կարելի է պահպանել գոնե երիտասարդների կյանքը, ովքեր մտածում են, թե ծառայում են հանուն Հայաստանի Հանրապետության: