
Հիվանդանոցում մահացած զինծառայող Էդիկ Շահնազարյանի գործով մեղադրյալներ չկան

Հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացել էր զինծառայող Էդիկ Շահնազարյանը: Նրա մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը 168.am-ին ասաց, որ զինծառայողի մահան փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և քրեական գործում մեղադրյալներ չկան: Հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր զինծառայողը, լրագրողներին ասել էին, որ Էդիկ Շահնազարյանը հիվանդանոց տեղափոխվել է արդեն մահացած վիճակում:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը ավելի վաղ, պատասխանելով հարցին՝ արդյոք պարզվե՞լ է, թե որտեղ է մահացել զինծառայողը, ասել էր. «Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածով՝ մահվան պատճառը, ժամանակը և այլն հնարավոր կլինի պարզել դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայության պայմաններում, որը դեռևս չի ստացվել: Կստացվի, այդ ժամանակ էլ ի հայտ կգա այն պահը, թե երբ է մահացել, ով է սխալ գործել և այլն»: