Բաժիններ՝

ՌԴ-ի, Ուկրաինայի ու ԵՄ-ի գազային բանակցությունները Բրյուսելում ավարտվել են անարդյունք

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵՄ-ի  գազային եռակողմ բանակցություններն ավարտվել են անարդյունք ու շարունակվելու են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Ուկրաինայի համար բոլոր զեղչերի վերացումից հետո նրա համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը ներկայումս կազմում է 485 դոլար: Կիևը պահանջում է վերադարձնել 1000 խորանարդ մետրի համար 268.5 դոլար կազմող գինը, որը գործել է այս տարվա առաջին եռամսյակին:

Ռուսական կողմը դա համարում է բացարձակապես ոչ շուկայական գին: Եվրահանձնաժողովն առաջարկել է ռուսական գազի գինը սահմանել 350-380 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, ինչը համապատասխանում է եվրոպական շուկայում գազի գնին:

Բրյուսելում անցկացված բանակցությունների արդյունքներով Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է մարել ապրիլի ու մայիսի մատակարարումների դիմաց գոյացած 2.3 միլիարդ դոլարի պարտքը: Ռուսաստանն Ուկրաինային գազ մատակարարելու հարցում կանխավճարային համակարգին անցում կատարելը հետաձգել է հունիսի 16-ին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարաչապետ Արսենի Յացենյուկն այսօր հայտարարել է, որ իրենք մերժել են Ռուսաստանի առաջարկը, որն առնչվում էր Ուկրաինայի համար 1000 խորանարդ մետր գազի գինը 100 դոլարով զեղչելուն (այն կազմելու էր 385 դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս