
Անկարայում գումարվել է անվտանգության նիստ՝ կապված Դիարբեքիրի ու Մոսուլի դեպքերի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Անկարայում անսպասելիորեն գումարվել է անվտանգության նիստ, որին մասնակցում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, թուրք-քրդական հաշտեցման գործընթացը համակարգող Բեշիր Աթալայն ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը:
Եռակողմ այդ նիստի ժամանակ կողմերը քննարկում են Դիարբեքիրի նահանգի դեպքերը՝ կապված ռազմաօդային զորքերի զորամասում Թուրքիայի դրոշն իջեցնելու հետ, և Իրաքի հյուսիսում կատարվող դեպքերը: «Լևանտում ու Իրաքում իսլամական պետության » զինյալներն արդեն իսկ մուտք են գործել Թուրքիայի հյուպատոսության շենք և գերեվարել են նրա աշխատակիցներին:
Բրիտանական Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը կապի մեջ է մտել Մոսուլում իր հյուպատոսության շենքը գրաված զինյալների հետ՝ իր աշխատակիցներին փրկելու համար: