Իվան Կուխտա. Հակաահաբեկչական գործողություններն ուղղված են խաղաղության պահպանմանը, իրավիճակի բարելավմանն ու կայունացմանը
Ինչպե՞ս է Ուկրաինայի իշխանությունը պատրաստվում կարգավորել իրավիճակը Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ շարունակվում են բախումները բանակի և զինյալների միջև: Այսօրվա ասուլիսում պատասխանելով մեր այս հարցին` Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հիշեցրեց, որ այդ խնդրին երդմնակալության օրը անդրադարձել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Այո´, Ուկրաինայի հարավ-արևելքում` Լուգանսկի, Դոնեցկի շրջաններում, շատ բարդ իրավիճակ է, և թե´ կառավարությունը, թե´ երկրի նախագահը ներկայացրել են իրենց առաջարկությունները` հակամարտության կարգավորման վերաբերյալ: Գիտեք, որ նախագահն այդ հարցին անդրադարձավ իր ծրագրային ելույթում, և այն հակաահաբեկչական գործողությունները, որոնք այժմ իրականացվում են այդ տարածքում, ուղղված են խաղաղության պահպանմանը, իրավիճակի բարելավմանն ու կայունացմանը: Նախագահը պարզ և հստակ հայտարարեց երեք դիրքորոշում, առաջին հերթին` կրակի դադարեցում, համաներում բոլոր նրանց, ովքեր կապված չեն որևէ ծանր հանցագործության հետ, զենքի հանձնում, տեղական իշխանության մարմինների ընտրություններ և, բնականաբար, բանակցություններ, որպեսզի կարգավորվի ճգնաժամը: Եվ այդ ծրագրային ելույթում նախագահն ընդգծեց, որ խաղաղասիրական միջանցք կտրամադրվի բոլորին, ովքեր ցանկանում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ովքեր եկել են այստեղ` Դոնեցկ, Լուգանսկ, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը»,- նշեց Իվան Կուխտան: