Դոնեցկի մարզում դիմակայության հետևանքով սպանվել է 220 մարդ. Ուկրաինայի առողջապահության նախարարություն
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի մարզում ուկրաինացի զինվորականների ու զինյալների միջև դիմակայության սկսվելուց հետո սպանվել է 220 մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Սալյուտինը:
Նա մանրամասնել է, որ զոհվածներից 15-ը կանայք են, իսկ 2-ը՝ անչափահասներ (տղա և աղջիկ): Սալյուտինը հավելել է, որ շտապօգնության բրիգադներն աշխատում են մարտադաշտում և բուժօգնություն են ցուցաբերում կլինիկական արձանագրություններին համապատասխան:
Սալյուտինը շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ կատարած հերոսական աշխատանքի համար և խոստացել է, որ նրանց աշխատանքը չի վրիպի Առողջապահության նախարարության ուշադրությունից:
Սալյուտինն ընդգծել է, որ Առողջապահության նախարարությունը տվյալներ չունի, թե զոհերի թվում որքան զինյալներ կամ խաղաղ բնակիչներ կան. «Բժիշկների համար դա կարևոր չէ»:
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություն է տարվում ապրիլի 15-ից: