Լ. Տեր-Պետրոսյանը գործարքի մեջ է մտել իր խղճի հետ. ՀՀԿ-ական պատգամավորը` առաջին նախագահի «մեծագույն» սխալի և Ծառուկյանի մասին. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ
– Ձեզ չի՞ մտահոգել, որ քառյակը վերջնագիր է ներկայացրել:
– Ի՞նչ վերջնագիր: Ի՞նչ մտահոգություն, կոնկրետ ես՝ որպես պատգամավոր, ինչի՞ մասին պետք է մտահոգվեմ: Եթե այնտեղ ճիշտ բաներ կան, ես ձեզ ասում եմ, որ դեռ չեմ կարդացել, իհարկե ընդունելի կլինեն, բայց ոչ թե մտահոգիչ, այլ ընդունելի կլինի եւ կաշխատեն իշխանությունները, որ հաշվի առեն եւ կատարեն այն, ինչ որ քառյակը ոչ թե պահանջում է, այլ առաջարկում է:
– Չկատարվելու դեպքում չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեն:
– Թող պահանջեն: Կարո՞ղ է իմ հրաժարականն էլ պահանջեն, կարո՞ղ է վարչապետի, կամ նախարարի հրաժարական էլ պահանջեն, դա իրենց խնդիրն է: Իսկ իմ անմիջական ղեկավարի հրաժարականի պահանջը ոչ օրակարգում է, ոչ էլ կլինի՝ իմ խորին համոզմամբ:
– Վստա՞հ եք:
– Ես այդպես եմ ուզում: Բայց թե իրանք ի՞նչ կպահանջեն եւ ինչի՞ կհասնեն դա արդեն իրենց խնդիրն է: Ես գտնում եմ, որ մեր երկրի ղեկավարը այսօր բավականին արդյունավետ աշխատում է, եւ ես անկեղծ կարող եմ ասել, որպես մարդ, եթե ես տեսնեմ ՀՀ իրականության մեջ ՀՀ նախագահին մրցակից, գոնե հեռավոր նմանություն, ես գուցե ինչ-որ տեղ ներքին… ասեմ՝ հա, այս մարդը լավ կլինի: Չկա այդ ֆիգուրը:
– Ի՞նչ եք կարծում, օրինակ, Գագիկ Ծառուկյանը չի կարո՞ղ մրցակից լինել Սերժ Սարգսյանին:
– Որպես պետության ղեկավար, իհարկե` ոչ: Շատ պարամետրեր կան: Գագիկն իմ ընկերն է, իմ ամենահարգված ընկերներից մեկն է, որին ես շատ ընդունում եմ եւ գտնում եմ, որ պետական կառավարման մեջ նա կարող է բարձրագույն պոստեր զբաղեցնել, բայց այսօր ես չեմ կարող Ս. Սարգսյանի փորձառությունը, նրա անցած ճանապարհը, նրա քաղաքական կենսագրությունը համեմատել պարոն Ծառուկյանի անցած ճանապարհի հետ:
– Բայց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին համեմատել էր Իվանիշվիլիի հետ:
– Դա Լեւոն Տեր- Պետրոսյանի ամենասարսափելի սխալներից մեկն է: Ինքը դրա մեջ համոզված չէ: Նա շատ փորձառու քաղաքական գործիչ է, Սերժ Սարգսյանը նրա զինակիցներից մեկն է եղել, հինալի գիտի Ս. Սարգսյանի ունակությունները, հիանալի գիտի նաեւ Գ. Ծառուկյանին եւ ես գտնում եմ, որ առաջին նախագահը, որին ես հարգում եմ, իր խղճին հակառակ է գնացել, երբ որ այդ համեմատությունը անց է կացրել: Գործարքի մեջ է մտել իր խղճի հետ: Նորից եմ կրկնում առ իմ հարգանքը Գ. Ծառուկյանին, էլի կան շատ հայտնի պետական- քաղաքական գործիչներ, բայց համեմատել այսօր, ես օրինակ չեմ տեսնում: Ես սա կարող եմ Ավետարանի վրա երդմամբ հաստատել, որ ես շատ անկեղծ եմ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: